02 / Ապրիլ / 2021 : 02-12

«Երկուսն էլ ինձ պես քսան տարեկան ու սիրահարված. ներեցեք, տղերք... ». Վահագն Դավթյան 

 

Ձեր անմահ հիշատակին, փա՛ռք... 
Ապրիլյան քառօրյա պատերազմի ՀԵՐՈՍՆԵՐ

ՆԵՐԵՑԵՔ, ՏՂԵՐՔ...
Երազում տեսա, որ ընկել եմ ես կռվում այն ահեղ,
Երազում տեսա, որ քսան տարիս թաղված է հողում,
Օտար աշխարհի սպիտակ բուքը ոռնում խելահեղ,
Ձյունափոշով է թումբս ողողում:

Մայրս մեռել է... Աշխարհում էլ ինձ ոչ ոք չի հիշում,
Եվ իմ անունը ծանոթ չէ այնտեղ արդեն ոչ մեկին,
Ու միայն ասես ինչ-որ բան տեսած հեռու մշուշում,
Թախծում է մի պահ ճերմակող մի կին:

 

Եվ կողքիս ահա իմ ընկերներն են պառկած հոգնաբեկ,
Երկուսն էլ ինձ պես քսան տարեկան ու սիրահարված,
Մեկի ճակատին փոքրիկ աստղի պես ցոլում է մի վերք,
Մյուսի կուրծքն է մի թեթև այրված:

Հողմը լռել է... երևի վերում գարուն է գալիս,
Ինչ-որ շշուկ կա, երևի խոտ է մեզ վրա աճում,
Մի տաք խշշոց կա, երևի գարնան անձրևն է լալիս,
Որոտ կա՝ գարնան ամպն է շառաչում:

 

 

Ես շատ եմ սիրել կյանքում այդ շառաչն ու շանթերն այդ
շեկ
Ու վեր եմ թռչում, թոթափում եմ հողն ու սևը վանում,
Բայց դուք՝ իմ կողքին մանկորեն քնած ընկերներ իմ հեգ,
Դուք հողից ելնել չեք կարողանում:

 

Մի կաթիլ արճիճն ինչ ահավոր է ու ինչ ծանր է, տեր,
Ինչքան է կշռում... ոչ ոք երևի դա չի իմանում:
Ես ձեռք եմ պարզում, ես չարչարվում եմ, որ հանեմ ձեզ
վեր,
Ներեցեք, տղերք, չեմ կարողանում:

...Զարթնել եմ ահա... Աշնան գիշերն է լռում իմ դիմաց,
Մի մրսած քամի դրսում սևակնած իր սուգն է անում...
Ես շատ եմ ապրել կյանքում առանց ձեզ... բայց ցուրտ է
հիմա,
Հիմա առանց ձեզ չեմ կարողանում...

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Author's cover photo
Ամսաթիվ 02 / Ապրիլ / 2021 : 02-12
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 79352անգամ
Վերջին լուրեր