20 / Ապրիլ / 2020 : 17-31

Չէր կարող լիներ աշխարհի մեջ այսպիսի ուրիշ տեսարան. ամենամեծ որբանոցը աշխարհում 

 

Նկարի մակագրություն՝

Ավելի քան 25 հազար որբացած հայ երեխաներ՝ եկեղեցական որբախնամ ծառայության եւ դոկտոր Էլիոթի ուշադրության ներքո։

Գյումրի (Ալեքսանդրապոլ, 1921թ.)

 

Թուրքերը, ներխուժելով Ալեքսանդրապոլ 1920 թ. նոյեմբերի սկզբին մինչև 1921 թ. ապրիլը, շարունակել են հայերի ցեղասպանությունը։ 

«Թուրքական հրամանատարությունը քաղաքի իշխանությունից պահանջում էր հարյուրավոր մարդիկ, որոնց ուղարկում էին Սարիղամիշ, Էրզրում, Կարս՝ տաժանակիր աշխատանքներ կատարելու համար:
Տրվել էր գաղտնի հրաման՝ որսալ հայերին ինչ գնով էլ լինի: Ամեն օր լաց ու աղաղակ էր լսվում: Թուրքերի հեռանալուց հետո միայն գտնվել են անհետ կորածների դիակները նկուղներում, այգիներում, դաշտերում: Թուրքերն իրենց ձեռքն էին վերցրել հեռախոսակապը, հեռագրատունը և քաղաքը լրիվ մեկուսացրել արտաքին աշխարհից: Անգամ տրանսպորտը չէր հերիքում դիակները տեղափոխելու համար: Ցուրտն ու սովը հազարավոր մարդկանց հնձում էին: Կոմունիստները բացահայտ հանդես էին գալիս վերջնագրով: Թուրքերը դա ընդունում էին զայրույթով: Նրանք ձգտում էին ընդհարում առաջ բերել կոմունիստների և բնակչության միջև»։ 

«Թուրք դահիճների բարբարոսությունները բացահայտ էին մանավանդ գավառի գյուղերում: Արխիվային նյութերում այդ փաստը հաստատող բազմաթիվ տվյալներ կան: Ջաջուռի շրջանից հազարավոր մարդկանց և գրեթե բոլոր անասուններին քշել էին Թուրքիա: Ալեքսանդրապոլի կայարանում աշխատելու համար հավաքագրված մարդկանց տանում էին Ղարս և Էրզրում, որտեղ նրանց «մերկ, ոտաբոբիկ ստիպում էին աշխատել օրական 14-15 ժամ՝ նրանց տալով միայն մեկ ֆունտ հաց: Այստեղ են ուղարկվում քաղաքի համարյա բոլոր մասնագետները»: Արդեն այդ ժամանակ բացահայտվել է բնակչության նկատմամբ թուրքերի ունեցած վերաբերմունքը»։

 

«Թուրքական բանակում կային շատ ասկյարներ նաև տեղի թուրքերից: Ալեքսանդրապոլում ցորենի, ալյուրի, ծխախոտի ամբողջ առևտուրը գտնվում էր թուրք ասկյարների ձեռքում, որոնք այդ ապրանքները թալանում էին հայ ընտանիքներից: Թուրքական բանակում «այլասերումը մեծ չափեր» էր ընդունել։ Թուրքերն ամենուր իրենց պահում էին անասելիորեն սանձարձակ: Ժամանակակիցը վկայում է, որ Խոտայ Խարաբա, Դարակեյ,Կոր-Աղբյուր, Կոյակուլի-Ղազանչի և
Շիշթափա հայկական գյուղերում կանայք և աղջիկները ենթարկվել են բռնարարքների, նրանց մի մասին առևանգել են տաճիկները, իսկ մի մասին էլ՝ հարևան Աղաբաբայ գյուղի թուրքերը: Այդ գյուղերում պատկերը շատ ծանր էր. ամեն ինչ կամ ավերված էր, կամ էլ վառված, ամենուր ընկած էին տասնյակ դիակներ, պատահում էին նաև կիսամեռ և սովահար եղած երեխաներ ու ծերեր»։ 

 

«Թուրքերը շարունակում էին ոճրագործությունները: Ալեքսանդրապոլի հեղկոմի անդամ Նահապետյանը 1921
թ. հունվարի 19-ին հաղորդում է, որ քաղաքից և գյուղերից թուրքերը տարել են 14140 մարդ, սպանել 4845-ին, բռնաբարել 2500 կանանց և աղջիկների: Տարել են մոտ 1.5 միլիոն փութ հացահատիկ և ալյուր: Գավառի 75 հազար մարդուց մնացել է 15 հազարը, սպանվել են 22 միլիցիոներ, երկու կոմիսար:
Թուրքերի կատարած բարբարոսությունների մասին 4-րդ գավառամասի հեղկոմի անդամ Վահե Տեր-Գրիգորյանը իր կազմած զեկուցագրում նշել է, որ թուրքերը մինչև
1921 թ. փետրվարի 7-ը գավառամասի 35 գյուղերից տարել են մեկ միլիոն փութ հացահատիկ և մոտ 50000 խոշոր եղջերավոր անասուն: Գերեվարել են գեղեցիկ
կանանց, շատերին էլ՝ սպանել, այդ թվում՝ 10 միլիցիոներների»:

 

Հատվածներ՝ «Ալեքսանդրապոլի իրադարձությունների շուրջ» աշխատությունից (1920 թ. նոյեմբեր -1921 թ. ապրիլ)

Աբրահամյան Հ. Բ.

 

 

Author's cover photo
Ամսաթիվ 20 / Ապրիլ / 2020 : 17-31
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 61511անգամ
Վերջին լուրեր