07 / Սեպտեմբեր / 2022 : 14-24

Greece Film Festival Awards 2022ի «Լավագույն ընտրանի» եւ հաղթող՝ «Մայր Հայրենիք»


Նյութի հեղինակ՝ ՄԱՐԻԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Ամերիկահայ լրագրող Վիկ Գերամիի «ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ» փաստավավերագրական ֆիլմի մրցանակների հաղթարշավը շարունակվում է։

Արցախի 44-օրյա պատերազմի, Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործության վավերագրությունը՝ աշխարհի կինոփառատոններում շարունակում է նվաճել «Պաշտոնական ընտրանի» դիրքը եւ արժանանալ հաղթանակի։

Օրերս «Մայր Հայրենիք»ը Հունաստանում՝ «Greece Film Festival Awards 2022» կինոփառատոնի շրջանակներում եւս ընտրվել էր որպես «Պաշտոնական ընտրանի»։ Ավելի ուշ՝ «Լավագույն վավերագրություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել։

Այս առիթով Լոս Անջելեսաբնակ ամերիկահայ Լրագրող Վիկ Գերամին իր դիմատետրի էջում հունարենով գրել էր՝

Ευχαριστώ Ελλάδα, σε αγαπώ... (Շնորհակալություն Հունաստան, սիրում եմ քեզ).

«Մենք դա կրկին արեցինք. Հունաստանի կինոփառատոնը, որտեղ մենք «Պաշտոնական ընտրանի» էինք, այս պահին պարգեւատրվեց «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակով։ Շնորհակալ եմ այն երկրին, որը երեք տարի իմ տունն եմ կոչել... և մեծ սեր»,- գրել է ֆիլմի հեղինակ լրագրողը։

Հիշեցնենք, որ «Մայր հայրենիք» փաստավավերագրական ժապավենի անդրանիկ ցուցադրությունը տեղի էր ունեցել հուլիսի 7ին Լոս Անջելեսում, ապա ևս երկու հատուկ ցուցադրություն՝ Գլենդելում, կոնգրեսականների եւ պաշտոնական հյուրերի ներկայությամբ։

«2022 թվականի ամենասպասված վավերագրական ֆիլմը», ինչպես անվանել է HuffPost-ի լրագրողը, նախատեսված է Կոնգրեսի հատուկ ցուցադրության համար Վաշինգտոնում, սեպտեմբերի 15-ին, Alexandria History Museum at the Lyceum-ում։ Ավարտին տեղի պիտի ունենա հարց ու պատասխան հեղինակի հետ։

«Մայր Հայրենիք»ը այն մասին է, թե ինչպես Արցախի 44-օրյա ռազմական ահաբեկչության հետևանքով խաղաղ բնակչությունը անբացատրելի տառապանք և անվերականգնելի կորուստներ դիմագրավեց։

Ֆիլմը այն մասին է, թե Ադրբեջանը ինչպես էր թիրախավորում խաղաղ բնակիչներին, ռմբակոծում ծննդատներ, դպրոցներ և բնակելի թաղամասեր, իսկ աշխարհի այսպես կոչված առաջնորդները բացակայում էին, լուռ էին: Միջազգային մամուլը մեծ մասամբ նույնքան անտարբեր էր, որոշ լրատվամիջոցներ նույնիսկ դարձել էին Ադրբեջանի կառավարության խոսափողը՝ հաստատելով ադրբեջանական կեղծիքները և ապատեղեկատվությունը:

«Մայր Հայրենիք»ը Արցախի հայ բնակչության դեմ օրեցօր աճող ցեղասպան քաղաքականության մասին է՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ցեղասպանության և բռնի էթնիկ զտումների մասին։

«Մայր հայրենիք»ը նաեւ այն մասին է, թե ինչպես հարեւան երկրներ Սիրիայի, Պակիստանի ահաբեկիչների ճամբարներից օդանավով հազարավոր վարձկանների էր բերում Ադրբեջանը՝ արցախահայության դեմ ցեղասպանություն իրականացնելու նպատակով, որոնց վճարում էր Թուրքիան։

«Հայաստանն ու Արցախը միասին ունեն մոտ երեք միլիոն բնակչություն, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան՝ իննսուն միլիոն։ Դա իսկական մղձավանջ է՝ Դավիթն ընդդեմ Գողիաթի,- նշել է լրագրողը։

Խլացուցիչ լռությունը կոտրելու, աշխարհի ուշադրությունը սեւեռելու՝ 21-րդ դարի այս սպանդը փաստելու նպատակով, Վիկ Գերամին մեկնում է Հայրենիք.

«Ես ինքս պետք է ուսումնասիրեի, թե ինչպես են Ադրբեջանի նախագահ Ալիևը և Թուրքիայի նախագահ Էրդողանը` մի զույգ բռնապետ և ինքնակոչ «եղբայրներ», ստվեր նետում աշխարհի աչքերին և ազատվում զանգվածային կոտորածների դատից ու մեղքից»,- ասել է նա։
Վիկ Գերամին լինելով հետաքննիչ լրագրող, «The Blunt Post»-ի հիմնադիր, խմբագիր-հրատարակիչ, մեդիա մեկնաբան, ինչպես նաև՝ KPFK 90.7 FM հաճախականությամբ ազգային ռադիոհաղորդման հաղորդավարը քաղաքական թեմաներով՝ բազմիցս THE BLUNT POST with VIC իր հաղորդաժամի ընթացքում հարցազրույց է վերցրել Կոնգրեսականներից՝ Ադամ Շիֆ, Քեթի Փորթերը, Ջուդի Չուն: Հայ համայնքի դաշնակիցներ՝ սենատոր Բոբ Մենենդեսից, կոնգրեսականներից՝ Ֆրենկ Փալոնե, Ջեքի Սփայեր, Բրեդ Շերմանը, Բարբարա Լի, ապա՝ բարոնուհի Քերոլայն Քոքսի, իսրայելաբնակ ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի, ադրբեջանցի ակտիվիստ Մոհամմադ Միրզալիի և մի շարք այլ պաշտոնյաների, գիտնականների, փորձագետների հետ։

Այս հարցազրույցները տեղ են գտել ֆիլմում, եւ քաղաքականները՝ որպես փաստավավերագրության դերակատարներ։

«Մայր Հայրենիք»ը աշխարհի կինոփառատոների ուշադրության կենտրոնում է։

Արդեն իսկ արժանացել է 23 կինոփառատոնների ուշադրության, դարձել է «Պաշտոնական ընտրանի» եւ 11 մրցանակ ստացել՝ «Լավագույն վավերագրություն» անվանակարգում հաղթող ճանաչվելով. «Miami Indie Film Awards», Փարիզի «Around International Film Festival (ARFF)», Հնդկաստանի ֆրանսիական միջազգային կինոփառատոն, GLIFF-Ոսկե Լեմուր միջազգային կինոփառատոն, La Indie Film Fest, «Արփա» միջազգային կինոփառատոնի հավակնորդ, Տորոնտոյի անկախ կինոփառատոնի երկու մրցանակների դափնեկիր՝ «Լավագույն միջազգային վավերագրական ֆիլմ» և «Լավագույն առաջին անգամ» ֆիլմ։ Ապա նաեւ՝ Special Award Eastern Europe Film Festival, Around International Film Awards-ը (AARF) իր «Globe Award» մրցանակով, Pure Magic International Film Festival «Լավագույն վավերագրություն» անվանակարգում, եւ դեռ շարունակվում է։

«Մայր Հայրենիք» մեդիաֆիլմի թիրախային լսարանը հայերը չեն, օտարներն են, աշխարհի լռությունը խախտելու նպատակով է արտադրված փաստավավերագրությունը»,- ասել է հետաքննիչ լրագրողը՝ իր շնորհակալությունն ուղղելով աշխարհի կինոփառատոններին։

Վիկ Գերամին իր դիմատետրի էջում գրել է.

«Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում իմ թիմին՝ պրոդյուսեր Հենրիկ Վարդանյանին, խմբագիր Քրիս Դամադյանին և «Մայր Հայրենիք» վավերագրական խաղարկային ֆիլմի առատաձեռն պրոդյուսերներին (աջակիցներին): Նրանք են՝ Մարկ Գերագոսը, Սեմ Կբուշյանը, Լիլիթ Դոլկարյան Օդաբաշյանը, Նիշան Օդաբաշյանը, Օշին Հարութոնյանը, Լուսինե Հակոբյանը, Ջուդիթ Սարյանը, Փիթեր Աբաջյանը, Արմեն Վարդանին, Փիթեր Բի, Ջոն Դեննեմը և Ջեյք Բուրնազյանը»։

Հոկտեմբերին նախատեսվում է «Մայր Հայրենիք» փաստավավերագրական ժապավենի ցուցադրություն նաև Երեւանում։

Դիտեք ֆիլմի 2, կամ 6 րոպե տեւողությամբ հոլովակը, այցելեք «Motherland» ֆիլմի կայքը և IMDB-ի էջը։

Վիկ Գերամին հասանելի է հարցազրույցների համար: Դուք կարող եք հաղորդակցվել նրա հետ՝ [email protected] էլ. փոստով:

Instagram՝ @vicgerami
Ֆեյսբուք՝ facebook.com/vic.gerami
Twitter՝ @vicgerami

Author's cover photo
Ամսաթիվ 07 / Սեպտեմբեր / 2022 : 14-24
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 14893անգամ
Վերջին լուրեր