Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Ապրիլ / 2025 : 18-43

Apple-ի արժեքը մեկ օրում նվազել է 250 մլրդ դոլարով․ պատճառը Դոնալդ Թրամփն է

Ապրիլի 3-ին Apple-ը զգալի կորուստ է կրել՝ շուկայական արժեքից զիջելով ավելի քան 250 միլիարդ դոլար և դառնալով Դոնալդ Թրամփի մաքսային քաղաքականության ամենամեծ տուժածներից մեկը։ Թեև ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուկը փորձեր է արել մեղմել հարաբերությունները Սպիտակ տան հետ, այդ ջանքերը բավարար չեն եղել, գրում է Financial Times-ը։

Նյու Յորքի ֆոնդային բորսայի բացումից անմիջապես հետո ընկերության բաժնետոմսերը նվազել են 8.5 տոկոսով, ինչի արդյունքում շուկայական կապիտալիզացիան իջել է 3.37 տրլն դոլարից մինչև 3.12 տրլն դոլար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի վարչակազմը բարձր մաքսատուրքեր է սահմանել Ասիայից ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա։

Այդ քայլը մեծապես անդրադարձել է այն տարածաշրջանների վրա, որտեղ Apple-ն ունի արտադրական և մատակարարման կենտրոններ՝ Չինաստան, Թայվան, Հնդկաստան և Վիետնամ։ Սրա արդյունքում վտանգի տակ են հայտնվել Apple-ի կողմից վաճառվող բազմաթիվ մոդելներ՝ iPhone, iPad, Mac և դրանց աքսեսուարներ։

Թեև Թրամփը հանդես է գալիս տնտեսությունը «ազատագրելու» կոչերով, Քուկի առջև կանգնած է բարդ ընտրություն՝ գաջեթների գների բարձրացում կամ մաքսատուրքերի հավելյալ ծախսերի սեփական միջոցներով փոխհատուցում։ Երկու տարբերակներն էլ կարող են վնասել ընկերության եկամուտներին, ինչը կարող է մտահոգել ներդրողներին, նշում է պարբերականը։

Ըստ Citi-ի վերլուծաբանների՝ Apple-ի արտադրության ավելի քան 90 տոկոսը կենտրոնացած է Չինաստանում, որտեղ մաքսատուրքերը հասնում են առնվազն 54 տոկոսի։ Վիետնամում և Հնդկաստանում, որտեղ արտադրվում են iPhone-ներ, AirPods-ներ և Apple Watch-եր, սահմանվել են համապատասխանաբար 46 և 26 տոկոսի մաքսատուրքեր։
Դիտվել է 5755անգամ
Վերջին լուրեր