Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Հուլիս / 2025 : 18-47

Ճապոնիան սուպերհերոս ռոբոտ է ստեղծում. իրականություն դարձած ֆուտուրիզմ

Այն, ինչ տարիներ շարունակ դիտել ենք Marvel-ի սուպերհերոսային ֆիլմերում, այսօր արդեն մուտք է գործում մեր իրական կյանք։ Ճապոնիայի մի քանի առաջատար տեխնոլոգիական կազմակերպություններ ձեռնարկել են համատեղ նախագծում՝ ստեղծելու մարդանման ռոբոտ, որն իր չափերով, ուժով և հնարավորություններով կդառնա աղետների ժամանակ մարդկային հերոսության փոխարինողը։

Murata Manufacturing-ը, Վասեդայի համալսարանը, Tmsuk ընկերությունն ու Sre Holdings-ը միավորել են իրենց գիտական ներուժը՝ նախագծելու ռոբոտ, որը կկարողանա մտնել փլատակների տակ, որոնել վերապրածների, բարձրացնել 100 կգ-ից ավել բեռներ և տեղաշարժվել բարդ ու վտանգավոր միջավայրերում։ Նախագծվող ռոբոտը լինելու է մոտ 3 մետր բարձրությամբ, 300 կգ քաշով և շարժվելու է մինչև 5 կմ/ժամ արագությամբ։ Այն ստեղծվում է բացառապես ճապոնական տեխնոլոգիաներով՝ առանց օտար բաղադրիչների։

Սա ոչ միայն տեխնոլոգիական անկախության ցուցանիշ է, այլև հավակնոտ փորձ՝ վերակենդանացնելու Ճապոնիայի առաջատար դերը ռոբոտաշինության աշխարհում։ Tmsuk-ի ղեկավար Յոիչի Տակամոտոն նշել է, որ ցանկանում են ստեղծել ռոբոտ, որը ուժով գերազանցի մարդուն և ճկունությամբ համապատասխանեցվի աղետների վայրում կիրառման կարիքներին։ Ի դեպ, սա առաջին փորձը չէ Ճապոնիայում։

Վասեդայի համալսարանը դեռևս 1973-ին էր ներկայացրել աշխարհի առաջին մարդանման երկոտանի ռոբոտը՝ WABOT-1-ը։ Այժմ, մոտ կես դար անց, Ճապոնիան պատրաստվում է նոր քայլ կատարել՝ դեպի սերնդափոխություն տեխնոլոգիական հերոսների դարաշրջանում։

Առաջին փորձնական ռոբոտը նախատեսվում է ցուցադրել 2026 թվականին, իսկ սերիական արտադրությունը կմեկնարկի 2029-ին։ Ռոբոտ, որը կօգնի, կփրկի և կխիզախի այնտեղ, որտեղ մարդը չի կարող։ Marvel-ը թող պատրաստվի՝ ռեալ կյանքը ստանում է իր սեփական սուպերհերոսին։
Դիտվել է 1396անգամ
Վերջին լուրեր