Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Նոյեմբեր / 2025 : 16-11

Մասկը խոստանում է՝ Optimus մարդանման ռոբոտը կվերացնի աղքատությունը

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հերթական աղմուկն է բարձրացրել տեխնոլոգիական համայնքում՝ հայտարարելով, որ Optimus մարդանման ռոբոտը ոչ միայն հեղափոխություն կանի արտադրության մեջ, այլև «կվերացնի համաշխարհային աղքատությունը»՝ ապահովելով բոլորին ունիվերսալ բարձր եկամուտ։ Մասկի խոսքերը հրապարակվել են նոյեմբերի 17-ի X հարթակում, որտեղ նա կիսվել է ներդրողների համար նախատեսված իր վերջին ելույթի հատվածով՝ Optimus-ին համեմատելով բարձրակարգ վիրաբույժի հետ։

Optimus-ը՝ գաղափարից մինչև առաջին ցուցադրությունները

Optimus-ը ներկայացվել էր 2021-ին՝ որպես օգնական վտանգավոր և կրկնվող աշխատանքների համար, իսկ 2024-ին ստացել էր պաշտոնական պրեմիերան։ 2025-ին նախատիպերը արդեն ցուցադրում են ինքնավար քայլք և ճշգրիտ շարժումներ։ Հոլիվուդում «Տրոն. Արես» ֆիլմի պրեմիերային Optimus-ը նույնիսկ դուրս էր եկել կարմիր գորգ՝ ցուցադրելով կունգ-ֆուի տարրեր։

Մասկի խոսքով՝ ռոբոտը կարժենա 20–30 հազար դոլար, կկարողանա բարձրացնել մինչև 20 կգ բեռ և կատարել բարդ մանիպուլյացիաներ՝ սովորելով ԱԲ տվյալների հիման վրա։ Նա պնդում է, որ Optimus-ը երկարաժամկետում կդառնա Tesla-ից էլ կարևոր նախագիծ․ «Optimus-ը գործիք չէ, այլ մարդկության գործընկերը»։

Ունիվերսալ եկամուտ Optimus-ի շնորհիվ

Մասկը Optimus-ը կապում է գլոբալ խնդիրների լուծման հետ՝ հայտարարելով, որ ռոբոտները կարող են ստեղծել այնպիսի արտադրողականություն, որը թույլ կտա ապահովել համընդհանուր բարձր եկամուտ։ Նրա պատկերացմամբ՝ եթե ռոբոտները ստանձնեն գործարանային աշխատանքները, խնամքը և առօրյա ծառայությունների մեծ մասը, մարդիկ կկենտրոնանան ստեղծագործության և գիտության վրա, իսկ ապրանքների արժեքը կնվազի՝ դարձնելով հիմնական կարիքները բոլորին հասանելի։

Նոյեմբերի 6-ի ներկայացման ժամանակ նա ընդգծել է, որ Optimus-ը կաշխատի 24/7, չի հոգնի, չի սխալի և կարող է նույնիսկ բժշկության մեջ գերազանցել վիրաբույժներին՝ իրական ժամանակում վերլուծելով իրավիճակը։ Մասկի հայտարարությունը սոցիալական ցանցերում լայն քննարկումների տեղիք է տվել։

Կողմնակիցները Optimus-ում տեսնում են հավասարության նոր դարաշրջան, մինչդեռ քննադատները շեշտում են ռիսկերը՝ աշխատատեղերի կրճատում, եկամուտների բաշխման անհստակություն և UBI-ի գլոբալ իրագործելիությունը։

Փորձագետները նշում են, որ Optimus-ի տեխնոլոգիան տպավորիչ է, սակայն զանգվածային արտադրությունը պահանջում է երկարատև փորձարկումներ, անվտանգության ստուգումներ և իրավական հստակեցումներ։

Optimus-ը ներառված է Մասկի լայն էկոհամակարգում՝ ինտեգրվելով Tesla-ի, xAI-ի և Starlink-ի հետ։ Եթե նախագիծը իրականացվի ըստ խոստումների, այն կարող է փոխել հասարակության կառուցվածքը՝ դեֆիցիտի տնտեսությունից անցում կատարելով առատության մոդելի։

Սակայն տեխնոլոգիաներից կախված հրաշք սպասելը միակողմանի մոտեցում է․ աղքատության հաղթահարման համար անհրաժեշտ են ոչ միայն ռոբոտներ, այլ նաև քաղաքական, կրթական և սոցիալական հավասարության լուծումներ։
Դիտվել է 1612անգամ
Վերջին լուրեր