Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Դեկտեմբեր / 2025 : 16-48

Ռուսաստանը մինչև 2036 թվականը նախատեսում է Լուսնի վրա միջուկային էլեկտրակայան տեղակայել

«Ռոսկոսմոսը» կարևոր քայլ է կատարել իր լուսնային ծրագրի շրջանակում․ 2025 թվականի դեկտեմբերին պետական կորպորացիան պայմանագիր է ստորագրել «Լավոչկինի անվան գիտաարտադրական միավորման» (НПО Лавочкина) հետ՝ Լուսնի համար միջուկային էլեկտրակայանի նախագծման և կառուցման նպատակով։

Ծրագրի ավարտը նախատեսվում է մինչև 2036 թվականը, երբ էլ կայանը պետք է տեղակայվի Երկրի բնական արբանյակի մակերևույթին։Նախագիծը դիտարկվում է որպես ռուսական լուսնային ծրագրի առանցքային բաղադրիչ՝ միտված միանվագ առաքելություններից անցնել մշտական գիտական ներկայության։

Լուսնի պայմաններում էներգիայի հուսալի աղբյուրը կենսական նշանակություն ունի․ արևային վահանակները արդյունավետ են միայն լուսնային օրվա ընթացքում, մինչդեռ գիշերը տևում է շուրջ երկու շաբաթ։ Միջուկային էլեկտրակայանը կարող է ապահովել անընդհատ էներգամատակարարում գիտական սարքավորումների, բնակելի մոդուլների և ենթակառուցվածքների համար։

«Ռոսկոսմոսում» նշում են, որ կայանը կդառնա հիմք մշտապես գործող լուսնային բազայի համար, որտեղ մարդիկ և ռոբոտային համակարգերը կկարողանան աշխատել երկարաժամկետ ռեժիմով։ Լուսնային էլեկտրակայանի նախագիծը տեղավորվում է Ռուսաստանի տիեզերական երկարաժամկետ ռազմավարության մեջ։

Ավելի վաղ՝ 2025 թվականի հունվարին, ակադեմիկոս Վլադիմիր Սոլովյովը հայտարարել էր, որ ռուսական ուղեծրային կայանի առաջին մոդուլի մեկնարկը նախատեսվում է 2027 թվականի դեկտեմբերին։ Այդ կայանը կոչված է փոխարինել Միջազգային տիեզերական կայանին և դառնալ օդաչուավոր տիեզերագնացության նոր հենակետ։ Լուսնի վրա կայուն էներգիայի աղբյուրի առկայությունը հնարավորություն կտա իրականացնել գիտական հետազոտություններ, ռեսուրսների արդյունահանում և շինարարական աշխատանքներ։

Ռուսաստանը այս ուղղությամբ միայնակ չէ։ NASA-ն Artemis ծրագրի շրջանակում ծրագրում է բազա ստեղծել Լուսնի հարավային բևեռում, իսկ Չինաստանը զարգացնում է Միջազգային լուսնային հետազոտական կայանի (ILRS) գաղափարը։

Միջուկային էներգիայի կիրառումը Լուսնի վրա դիտարկվում է որպես համաշխարհային միտում․ ԱՄՆ-ն աշխատում է Kilopower նախագծի վրա, Ռուսաստանը՝ սեփական լուծման։
Դիտվել է 1127անգամ
Վերջին լուրեր