Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Մարտ / 2026 : 19-39

ԱԲ-ն որպես տեղեկատվական զենք. Ինչպե՞ս կեղծ պատկերները «արդարացրին» Իրանում դպրոցի ռմբակոծությունը

Տեխնոլոգիական և ռազմական ոլորտի փորձագետներն ահազանգում են վտանգավոր նախադեպի մասին, երբ արհեստական բանականության միջոցով ստեղծված ապատեղեկատվությունը ճանապարհ է հարթում իրական պատերազմական ողբերգությունների համար։

Փետրվարի 27-ին սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ Instagram-ում, տարածվեց ԱԲ-ի միջոցով ստեղծված մի լուսանկար, որտեղ երևում էր Սպահանի Karimian տարրական դպրոցի տարածքում տեղակայված ծանր ռազմական տեխնիկա։ Լուսանկարն ուղեկցվում էր «Սա ռազմական գոտի չէ, սա Karimian դպրոցն է» գրառմամբ։ Չնայած պատկերի վրա առկա էր Google Gemini-ի ջրային նշանը, և փաստեր ստուգողները արագորեն ապացուցեցին, որ այն կեղծ է, տեղեկատվական թակարդն արդեն լարված էր։ Լսարանի ենթագիտակցության մեջ սերմանվեց այն միտքը, թե իրանական վարչակարգը դպրոցներն օգտագործում է ռազմական նպատակներով։

Հաջորդ օրն իսկ՝ փետրվարի 28-ին, Իրանի դեմ իրականացված հարվածների առաջին ալիքի ժամանակ թիրախավորվեց Մինաբ քաղաքի Shajareh Tayyebeh աղջիկների տարրական դպրոցը։ Հարվածի հետևանքով զոհվեց առնվազն 175 մարդ, որոնց զգալի մասը երեխաներ էին։The New York Times-ի հետաքննությունը հաստատել է, որ դպրոցը խոցվել է բարձր ճշգրտության հրթիռով՝ հարևանությամբ գտնվող ռազմաբազայի ռմբակոծության հետ միաժամանակ։ Թեև շենքը ժամանակին եղել է ռազմական համալիրի մաս, սակայն, ըստ Human Rights Watch-ի տվյալների, դեռևս 2016 թվականից այն պատով առանձնացվել էր բազայից և ծառայում էր բացառապես որպես քաղաքացիական կրթօջախ։

Փորձագետները նշում են, որ սա տեղեկատվական պատերազմի նոր փուլ է։ ԱԲ-ով ստեղծված կեղծ պատկերները նախապես «մշակել էին» հանրային կարծիքը՝ դպրոցը դարձնելով «լեգիտիմ թիրախ»։ Երբ տեղի ունեցավ իրական աղետը Մինաբում, լսարանն արդեն հակված էր հավատալու, որ դա ոչ թե քաղաքացիական ողբերգություն է, այլ հարված ռազմական թիրախին։

Այսպիսով, ԱԲ-ի գեներացրած պատկերների շերտերը ստեղծեցին մի «թվային մշուշ», որի պայմաններում աշխարհի համար չափազանց դժվարացավ ընկալել զոհված երեխաների հետ կատարվածի իրական պատկերը։
Դիտվել է 2202անգամ
Վերջին լուրեր