Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Մայիս / 2026 : 16-43

Կրակե հարված Ջեֆ Բեզոսի տիեզերական ամբիցիաներին. Blue Origin-ի New Glenn հրթիռի պայթյունը վտանգում է NASA-ի լուսնային ծրագիրը

Ֆլորիդայի երկինքը լուսավորած հզոր պայթյունը մեծ հարցականի տակ է դրել միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերության՝ NASA-ի առջև ստանձնած պարտավորությունների կատարումը։ Ընկերության հավակնոտ New Glenn հրթիռը պայթել է տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմաններում՝ շարժիչների հերթական փորձարկման ժամանակ։

Չնայած տպավորիչ ուժգնության պայթյունին, բարեբախտաբար, զոհեր կամ վիրավորներ չկան։ «Ամբողջ անձնակազմը ողջ և առողջ է,- X հարթակում գրել է Ջեֆ Բեզոսը,- Շատ ծանր օր էր, բայց մենք կվերակառուցենք այն ամենը, ինչի կարիքը կա, և կվերադառնանք թռիչքներին։ Դա արժե»։

Ավերածություններ և արգելափակված թռիչքներ

98 մետր բարձրությամբ հսկայական հրթիռի կործանումը լուրջ վնասներ է հասցրել Space Launch Complex 36 (LC-36) մեկնարկային համալիրին։ Կադրերում երևում է, թե ինչպես է հարվածային ալիքից տապալվում հարթակի կայծակնապաշտպան աշտարակներից մեկը։

Սա պարզապես տեխնիկական կորուստ չէ. LC-36-ը աշխարհում միակ կայանն է, որը կառուցված է New Glenn հրթիռների արձակման համար։ Քանի դեռ մեկնարկային հարթակը ամբողջությամբ չի վերակառուցվել և չի անցել կրկնակի սերտիֆիկացում, Blue Origin-ը զրկված է իր ամենախոշոր հրթիռը օդ բարձրացնելու հնարավորությունից։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ այս գործընթացը կտևի ամիսներ, այլ ոչ թե շաբաթներ։

Ծանր հարված Amazon-ի Leo ցանցին. Իլոն Մասկի ստվերը

Այս ձախողումը կտրուկ արգելակում է Amazon-ի գլոբալ արբանյակային ինտերնետի տարածումը։ Պայթած հրթիռը արդեն հունիսի 4-ին պետք է տիեզերք հասցներ Leo (նախկինում՝ Project Kuiper) համակարգի 48 արբանյակները, որոնք կոչված են մրցակցելու Իլոն Մասկի Starlink ծառայության հետ։

Այս պահին ուղեծրում կա ընդամենը շուրջ 300 Leo արբանյակ (որոնք, հեգնանքով, արձակվել են մրցակիցների՝ SpaceX-ի, ULA-ի և Arianespace-ի կողմից), մինչդեռ Starlink-ն արդեն ունի ավելի քան 10,000 գործող արբանյակ։ Բացի այդ, FCC-ի լիցենզիայի համաձայն՝ Amazon-ը պարտավոր է մինչև 2026 թվականի հուլիսի 30-ը ուղեծիր դուրս բերել իր 3,236 արբանյակային խմբավորման կեսը։ Ընկերությունն արդեն իսկ 1,300 արբանյակով հետ էր մնում գրաֆիկից։ Այժմ, երբ New Glenn-ը երկար ժամանակով «գամված» կմնա գետնին, Բեզոսի կայսրությունը ստիպված կլինի ավելի շատ ապավինել SpaceX-ին և դիմել FCC-ին՝ ժամկետների երկարաձգման հայցով։

Իլոն Մասկն արդեն արձագանքել է տեղի ունեցածին X-ում՝ կարճ նշելով. «Ծայրահեղ անհաջող է: Հրթիռաշինությունը դժվար է»։

Ի՞նչ է լինելու NASA-ի լուսնային բազայի ծրագիրը

Աղետը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ NASA-ի ղեկավար Ջարեդ Այզեքմանը հայտարարեց Լուսնի հարավային բևեռում «մշտական ներկայություն» հաստատելու և լուսնային բազայի կառուցման առաջին երեք առաքելությունների մասին։

1․ Առաջին ռոբոտացված առաքելությունը, որը նախատեսված էր 2026 թվականի աշնանից ոչ շուտ, պետք է իրականացվեր Blue Origin-ի Blue Moon Mark 1 "Endurance" վայրէջքային մոդուլի միջոցով։ Այն պետք է NASA-ի գիտական սարքավորումները հասցներ Լուսին, սակայն մոդուլը տիեզերք պետք է բարձրանար հենց New Glenn հրթիռով, ինչն այժմ անհնարին է դարձնում սահմանված ժամկետների պահպանումը։

2․ Օրեր առաջ NASA-ն Blue Origin-ին հանձնել էր $468 միլիոն արժողությամբ պայմանագիր՝ մինչև 2028 թվականը Լուսնի բևեռ երկու լուսնագնաց (կառուցված Astrolab-ի և Lunar Outpost-ի կողմից) հասցնելու համար։ Այս տրանսպորտային միջոցները նույնպես կապված են New Glenn-ի հետ։

Այս ամենը շղթայական ռեակցիայով հարվածում է նաև Artemis III առաքելությանը։ Մինչ այս պայթյունը, Blue Origin-ը համարվում էր ավելի պատրաստ, քան SpaceX-ը, քանի որ նրանց մոդուլն արդեն վերջնական հավաքման փուլում էր Ֆլորիդայում։ Այժմ NASA-ի՝ մինչև 2028 թվականը տիեզերագնացներին Լուսին վերադարձնելու պլանները կանգնած են անխուսափելի հետաձգումների առաջ։

«Տիեզերական թռիչքներն աններող են, իսկ ծանր դասի հրթիռների ստեղծումը՝ արտակարգ դժվարին», — նշել է Ջարեդ Այզեքմանը՝ NASA-ի ադմինիստրատորներից մեկը։

Մինչ NASA-ն փորձում է հասկանալ, թե ինչպես դուրս գալ այս ճգնաժամից, Չինաստանը վստահորեն շարժվում է առաջ՝ մինչև 2030 թվականը սեփական տիեզերագնացներին Լուսնի վրա իջեցնելու հստակ ծրագրով՝ Ամերիկային թողնելով մանևրելու շատ քիչ հնարավորություններ։
Դիտվել է 1456անգամ
Վերջին լուրեր