Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հունիս / 2026 : 19-26

Կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը գրանցել է անկում, բայց պահպանում է դիրքերը տարածաշրջանում

Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակել է 2025 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ), որն արձանագրում է հակակոռուպցիոն պայքարի համաշխարհային նահանջ: Գլոբալ միջին ցուցանիշը նվազել է՝ հասնելով վերջին տասնամյակի ամենացածր կետին՝ 42 միավորի:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանի ԿԸՀ-ն նվազել է 1 միավորով և կազմել 46 միավոր՝ խիստ կոռումպացված 0-ից մինչև շատ մաքուր 100 սանդղակում: Այս ցուցանիշով 182 երկրների շարքում Հայաստանը կիսում է 65-ից 69-րդ հորիզոնականները Քուվեյթի, Մոնտենեգրոյի, Նամիբիայի և Սենեգալի հետ, մինչդեռ նախորդ տարի 180 երկրների շարքում կիսում էր 63-64-րդ տեղերը։

Հայաստանի 46 միավորը ձևավորվել է 6 տարբեր աղբյուրների գնատականների թվաբանական միջինով։ Միակ ոլորտը, որտեղ անկում է արձանագրվել, Համաշխարհային տնտեսական ֆորումի Գործադիր տնօրենների կարծիքի հարցումն է, որտեղ ցուցանիշը նախորդ տարվա 56-ից իջել է 53-ի: Մյուս հինգ հեղինակավոր աղբյուրներում, այդ թվում՝ Freedom House-ում և V-Dem-ում, գնահատականները մնացել են անփոփոխ:

Դիրքերը տարածաշրջանում և ԵԱՏՄ-ում

Չնայած արձանագրված անկմանը, Հայաստանի ցուցանիշը շարունակում է բարձր մնալ 42 միավոր կազմող գլոբալ միջինից: Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Վրաստանին, որն ունի 50 միավոր և զբաղեցնում է 53-55-րդ տեղերը։

Հարևան և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ մյուս երկրների համեմատ պատկերը հետևյալն է. Ղազախստանը ստացել է 38 միավոր, Բելառուսն ու Թուրքիան ունեն 31-ական միավոր, իսկ Ադրբեջանը՝ 30 միավոր: Աղյուսակի ավելի ցածր հորիզոնականներում են Ղրղզստանը՝ 26, Իրանը՝ 23 և Ռուսաստանը՝ 22 միավորով:

Հատկանշական է նաև, որ Եվրոպայի խորհրդի անդամ 42 երկրների շարքում Հայաստանը Մոնտենեգրոյի հետ կիսում է 30-31-րդ տեղերը։ Ավելին՝ Եվրամիության անդամ 27 պետություններից միայն երեքն ունեն Հայաստանից ավելի ցածր ցուցանիշ՝ Ռումինիան, Բուլղարիան և Հունգարիան:

Գլոբալ պատկերը. Առաջատարներն ու ամենախոշոր անկումները

Վարկանիշային աղյուսակը ութերորդ տարին անընդմեջ գլխավորում է Դանիան 89 միավորով, որին հաջորդում են Ֆինլանդիան 88 և Սինգապուրը 84 միավորով:

Ամենացածր ցուցանիշներն ունեն քաղաքացիական հասարակության ճնշվածությամբ և անկայունության բարձր մակարդակով աչքի ընկնող Հարավային Սուդանն ու Սոմալին՝ 9-ական միավոր, և Վենեսուելան՝ 10 միավոր:

Ըստ զեկույցի՝ տարվա ընթացքում ամենախոշոր անկում գրանցած երկրների թվում են Թուրքիան, Հունգարիան և Նիկարագուան։ Իր հերթին, Միացյալ Նահանգները նույնպես գրանցել է պատմական նվազագույն ցուցանիշը՝ հասնելով 64 միավորի:
Դիտվել է 673անգամ
Վերջին լուրեր