31 / Մարտ / 2020 : 21-01

... Սերն աշխարհ բերել

Հեղինակ՝ Մարիա Մարկոսյան Գիտությունն ապացուցել է, որ կնոջ եւ տղամարդու մտածելակերպը տարբերվում է. տղամարդկանց բնորոշ է սառը բանականությունը, կանանց՝ զգացմունքային մտածողությունը։ Սրանք փոխլրացնում են իրար:
Հաճախ է խոսվում կնոջ դերի, առաքելության, խնդրի եւ խնդիրների մասին: Ժամանկները փոխվել են, ու կանայք էլ հայտնվել են նոր պայմաններում ու հարաբերություններում, հրապուրիչ՝ նոր հնարավորություններով եւ ազատություններով, եւ նույնքան տագնապալի՝ առաջացած դժվարություններով: Որպեսզի յուրաքանչյուր կին կարողանա իր արժանի տեղը գտնել հասարակությունում, կարողանա ինքնադրսեւորվել, անհրաժեշտ են փոփոխություններ ոչ միայն ընտանիքում, հասարակության եւ պետության մեջ, այլեւ պետք է փոխվեն հենց իրենք՝ կանայք։
21-րդ դարի կնոջ նախընտրելի կերպար պետք է լինի նախաձեռնող, իր ուժերին վստահ եւ իհարկե ազնիվ: Ժամանակը առաջ է շարժվում՝ իր հետ բերելով նորանոր մարտահրավերներ: Մեզ շրջապատող կյանքում ամեն օր ավելի է բազմանում կանանց հուզող եւ մտահոգող հարցերը, իսկ կնոջ խնդիրները ո՞վ կարող է ավելի լավ լուծել, եթե ոչ իրենք՝ կանայք, եւ ոչ միայն... Վերջերս նկատելի է տարբեր ոլորտներում՝ կրթության, մշակույթի, առողջապահության, կազմակերպչական, գաղափարա-քարոզչական կանանց դերի բարձրացումը: Ժողովրդավարական հասարակության բոլոր հաստատություններում եւ մակարդակներում կինն իր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումով, իր խոսքով եւ գործով նպաստում է երկրի սոցիալ-քաղաքական, մշակութային, տնտեսական կյանքում խորը եւ լայնածավալ վերափոխումներին:
Համապատասխան ոլորտներում աչքի ընկած, մասնագիտական պատրաստվածության բարձր որակներ ունեցող, քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող կանանց դերը մեծ է: Այսօր կանայք ներգրավված են նաեւ իշխանության տարբեր մակարդակներում, որը բխում է ողջ հասարակության շահերից: Չէ՞ որ, կանանց մասնակցությամբ կայացրած քաղաքական եւ այլ որոշումները դառնում են ավելի մարդկային եւ մեղմ. մարդասիրական, հումանիտար մոտեցումները ավելի հատուկ են կանանց: Նրանց ներկայությունը քաղաքականության մեջ ներդաշնակություն, հանդարտություն կարող է ապահովել, ինչ-որ չափով չեզոքացնել տղամարդ քաղաքական գործիչների զայրույթը:
Գնահատելի է, երբ այս հարցերը կարեւորվում են եւ գիտակցվում հասրակության եւ հատկապես մեր տղամարդկանց կողմից: Բնությունից բոլորս էլ հավասար ենք ծնվում: Կինը բնազդորեն ընտանիքի ապահովության երաշխավոր է համարում տղամարդուն, սակայն կնոջ հանդեպ հարգալից վերաբերմունքը յուրաքանչյուր տղամարդու պարտքն է, ինչպես եւ բոլորի պարտքն է մեծարել մայրերին. մայրությանը վերաբերող օրենքները կարեւոր են եւ պետք է լուրջ առավելություններ տան կնոջը։ Լավ է խթանել կանանց դերի ակտիվացմանը եւ նրանց առաջխաղացմանը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով նրանց ինքնադրսեւորման համար:
Բացահայտել արժանի ղեկավար կանանց, նրանց անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներով եւ որակներով զինել, ուսուցանել եւ քաղաքական աջակցություն ցուցաբերել: Այստեղ մեծ է հատկապես կանանց հասարակական կազմակերպությունների դերը: Հասարակությանը պետք են այն օրինակները, երբ կինը ե՛ւ գաղափարական մարտիկ է, ե՛ւ իր աշխատանքը արհեստավարժ բարձր մակարդակով է կատարում, ե՛ւ կնոջը բնորոշ գծեր ու կանացիություն է պահպանում թե՛ հասարակության մեջ, թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքում:
Հասրակության հիմքն էլ, որ ամենակարեւորն է, ավանդական ընտանիքի մեջ է՝ ամուր եւ առողջ, ազգային-ավանդական արժեքները պահպանող: Այստեղ նույնպես կնոջ դերակատարությունը բացառիկ է, ինչպես նաեւ հայոց հոգեւոր, մշակութային եւ պատմական արժեքների ստեղծման, պահպանման եւ զարգացման գործում: Հայ կանայք իրենց հայրերի, ամուսինների եւ եղբայրների հետ մեկտեղ ասելիք ու անելիք ունեն, ոչ թե մրցակցելով տղամարդկանց հետ, այլ սատարելով նրանց:
Ասել է թե՝ ազգի եւ պետության հանդեպ պատասխանատվության գիտակցում ունեցող մարդը հայոց պետության հիմնական հարստությունն է հանդիսանում եւ այսպիսով՝ հայ կնոջ գլխավոր առաքելություններից է՝ ծնել եւ դաստիարակել հայրենասեր քաղաքացի, մարդկային եւ ազգային բարձր արժեքներ դավանող սերունդ:
Իսկ ո՞րն է կանանց խնդիրը այս կանքում... Գոյություն ունի մի տեսություն, որին համաձայն մարդիկ պատահական չեն կին կամ տղամարդ ծնվում: Յուրաքանչյուր սեռ իր խնդիրներն ունի, իսկ կնոջ հիմնական խնդիրն է՝ սերն աշխարհ բերել...
Եւ ի վերջո՝ այն կանայք, ովքեր իմաստուն են, հասկանում են, թե որն է իսկական կնոջ, հայուհու դերը ընտանիքում, հասարակական-քաղաքական կյանքում, նրանց շնորհիվ է, որ պահպանվում է հայկական ավանդական ընտանիքը:
Author's cover photo
Ամսաթիվ 31 / Մարտ / 2020 : 21-01
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 10272անգամ
Վերջին լուրեր