21 / Օգոստոս / 2020 : 09-41

Գերմանիան պատրաստ է բուժօգնություն տրամադրել Ալեքսեյ Նավալնուն․ Անգելա Մերկել

Գերմանիան անհրաժեշտ է համարում պարզաբանել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու շուրջ ծավալվող իրավիճակը և պատրաստ է նրան բուժօգնություն հատկացնել:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարությամբ հինգշաբթի հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների ավարտին, որոնք տեղի են ունեցել ֆրանսիացի առաջնորդի Ֆորտ Բրեգանսոն նստավայրում:

«Ինչ վերաբերում է Ֆրանսիային, նույնը վերաբերում է Գերմանիային. մենք պատրաստ ենք բուժօգնություն ցույց տալ նաև գերմանական հիվանդանոցներում, սակայն դրա համար դիմում պետք է ստացվի Ռուսաստանից»,- ասել է Մերկելը:

«Պետք է անհապաղ պարզաբանվի, թե ինչպես է նման իրավիճակ առաջացել: Մենք պնդում ենք դա»,- հավելել է կանցլերը՝ ապաքինում մաղթելով Նավալնուն:  

Հիշեցնենք, որ yelaket.am հայտնել էր, հինգշաբթի առավոտյան Նավալնու մամլո քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել էր, որ Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկ քաղաքում՝ ընդդիմադիր գործչի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով: Նրան անգիտակից վիճակում տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և թոքերի արհեստական օդափոխման սարքի միացրել:

Նավալնու քարտուղարն ավելի վաղ ենթադրություն էր հայտնել, որ նրա մոտ թունավորում է եղել: Նրա խոսքով՝ Նավալնին միայն թեյ էր ըմպել թռիչքից առաջ: Բժիշկներին հաջողվել է կայունացնել Նավալնու վիճակը։

Բժիշկները կոմայի մեջ գտնվող Նավալնու մոտ բացառել են կորոնավիրուսը, սրտի և գլխուղեղի կաթվածը։

Դիտվել է 8759անգամ
Վերջին լուրեր