Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Նոյեմբեր / 2022 : 14-01

«Buy Armenian»-ը հասանելի է դարձնում ամերիկյան շուկան հայկական արտադրանքի համար․ «Անթառամ»-ի տնօրեն

«Buy Armenian»-ը մեծամասամբ լուծում է տալիս հայ արտադրողների խնդիրներին և սա հարթակի կարևոր առավելություններից մեկն է։ Այս մասին Yelaket.am-ի հետ զրույցում ասել է «Անթառամ» թեյերի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն Արեգ Գալստյանը՝ նշելով, որ «Buy Armenian»-ի հետ համագործակցությունը սկսվել է 2021թ․-ից։ ««Buy Armenian»-ի հետ համագործակցությունը և՛ գործընկերական է, և՛ փոխադարձ անվերապահ վստահության վրա է հիմնված, և հենց այդ պատճառով էլ հաջողվում է»,- ասել է նա։


Արեգ Գալստյանը ներկայացրել է մի շարք դժվարություններ, որոնց այսօր բախվում է հայ արտադրողը և պատմել է, թե ինչ դեր ունի այդ խնդիրների լուծման գործում «Buy Armenian»-ը։ «Այսօր հայ արտադրողների մեծամասնությունը շատ սակավ ենթակառուցվածքներ ունի, որպեսզի ԱՄՆ-ի կամ այլ զարգացած երկրի շուկաների պահանջներին համապատասխան արտադրանք թողարկի։ Ճիշտ է, մենք շատ սիրում ենք գովել մեր արտադրանքը, բայց եթե դիտարկենք տեխնոլոգիական, սարքավորումների, ենթակառուցվածքների առումով, ապա պետք է խոստավանենք, որ մենք շատ աշխատելու տեղեր ունենք։ Հայ արտադրողի համար արտադրելու ու արտահանումը կազմակերպելու միջև խորը անդունդ (gap) է առաջանում, պայմանավորված և՛ կոմունիկացիոն բարդություններով, և՛ ենթակառուցվածքների անհամապատասխանությամբ կամ բացակայությամբ։ Այդ ամենը պետք է դանդաղ՝ քայլ առ քայլ մեծ դժվարություններ հաղթահարելով կառուցել»,- մանրամասնեց նա։


Yelaket.am-ի զրուցակիցը նշել է՝ հատկապես այն դեպքում, երբ ընկերությունը փորձում է մեծ շուկաներ մուտք գործել, կապը և կոմունիկացիան շատ կարևոր դեր է կատարում, և որպեսզի կազմակերպությունը կարողանա ունենալ առևտրային ներկայացուցիչ ինչ-որ երկրում, դրա համար անհրաժեշտ է գումար ու միջոցներ։ Այստեղ կարծես անլուծելի խնդիր է առաջանում, և բացի այդ, հայ արտադրողները սովորաբար փոքր են, որտեղ հիմնական բիզնեսը կամ առևտրային ֆունկցիան մեկ հոգի է անում։

Արեգ Գալստյանի կարծիքով հենց այստեղ է, որ կարևոր է դառնում «Buy Armenian»-ի դերը, քանի որ այն մեծամասամբ լուծում է տալիս բարձրացված խնդրին։ «Օրինակ այժմ՝ մեր և մի քանի այլ ընկերությունների արտադրանքն արդեն վաճառվում է ամերիկյան խոշոր TJ Maxx և HomeGoods խանութներում։ Այս խանութների բոլոր պահանջներին համապատասխան լինելու համար՝ սկսած փաթեթավորումից մինչև պիտակի վրա գրված տեղեկությունները, արել ենք նրանց աջակցությամբ։ Եթե «Buy Armenian»-ի կողմից այդ աջակցությունը չլիներ, ընկերությունների 90 տոկոսը չէին կարողանա դա անել, կամ պետք է գտնեին ինչ-որ մեկին, վճարեին, ստանային ինչ-որ մի բան, որը վերջում կամ լավ կլիներ, կամ՝ վատ»,- ասել է Արեգը։

Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 10-11-ին Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում կայանալու է «Ամանորի սպասումով» հայկական տոնավաճառը, որտեղ ներկայացված են լինելու շուրջ 80 հայ արտադրողների ապրանքատեսակները, այդ թվում՝ «Անթառամ» թեյերը։ Կազմակերպիչ «Buy Armenian»-ը հայտնել է, որ հրավիրված են արտադրողներ Հայաստանից, որոնք պետք է անձամբ լինեն ԱՄՆ-ում և ներկայացնեն իրենց արտադրությունը։
Yelaket.am-ի զրուցակիցը ևս մեկ կարևոր նպատակ է առանձնացրել՝ միայն հայ հաճախորդին չթիրախավորելու ձգտումը։ Նա ընդգծել է․«Եթե մենք դա անում ենք, ապա աշխատում ենք շատ սահմանափակ հայկական համայնքների հետ, մեր արտադրանքի սպառողները լինում են հիմնականում հայեր, ու մենք սովորում ենք հայերին արտադրանք վաճառել։ Պատկերացրե՛ք, երբ արդեն անհրաժեշտություն է առաջանում օտար հաճախորդին արտադրանք վաճառելու, ստացվում է, որ մենք ոչ թե պետք է երկու քայլ իրար հետևից անենք, այլ մեկ թռիչքով 10 քայլ բարձրանանք։

Հայկական արտադրանքի շեշտը դրվում է հենց հայկականության վրա՝ տարազների նախշեր և այլն, որը մեծ ապագա երբեք չի կարող ունենալ, որովհետև առավելագույն շուկան այս դեպքում մոտավորապես 10 մլն է, սա էլ այն դեպքում, եթե մենք կարողանանք այդքանին հասնել։ Բայց մենք «Buy Armenian»-ի հետ կիսում ենք այն գաղափարը, որ պետք է ստանանք այնպիսի արտադրանք, որն օտարը՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ հայերի մասին իմացող մարդը, գնի և հավանի, որոշակի վերաբերմունք ու պահանջմունք ձևավորվի հենց այդ արտադրանքի առևտրային նշանի նկատմամբ, հենց այդտեղ է, որ ձևավորվում է բրենդը։ Կարևոր է, երբ մարդը գնում է խանութ ու փնտրում է հենց քո արտադրանքը։ Միասին այդ թիրախն ենք դրել, որ պետք է կարողանանք լավ արտադրանք արտադրել, ստանալ մատչելի գին, որ նախ և առաջ կարողանանք գրավել, հետո արդեն այդ արտադրանքը որակով և այլ հատկանիշներով տպավորվի մարդկանց մոտ ու իրենք սկսեն գնել»։
«Անթառամ» ընկերության տնօրենը հպարտությամբ նշել է, որ հիմա արդեն իրենց թեյերը ներկայացված են ԱՄՆ 7 նահանգներում, և դրանք չեն վաճառվելու որպես հայկական արտադրանք, այլ՝ որպես լավ արտադրանք։ «Հակառակ դեպքում, երբ աշխատում ենք միայն հայերի վրա, որոնք պարտքի զգացումով այդ արտադրանքը գնում են, եթե մի բան էլ վատ լինի, աչք են փակում, այդպիսով մեր բիզնեսն ու երկիրը չի կայանա։ Պետք է օտար լինի, որ հանկարծ ինչ-որ բան իրենց դուրը չգա, դժգոհ լինեն, որպեսզի մենք էլ հնարավորություն ունենանք մեզ վրա աշխատելու ու շտկելու»,- ասել է նա։

Խոսելով buyarmenian.com հարթակի մասին, նա ընդգծել է, որ կայքի միջոցով պարբերական պատվերներ են լինում, իսկ բացի դա այս պահին TJ Maxx և HomeGoods խանութների մեծ պատվերով մի քանի 1000 տուփ արդեն արտահանվել է։ «Հաջողելու դեպքում, 2-րդ խնդիրն է ի հայտ գալու՝ արդյոք մենք կկարողանա՞նք լավ որակով այդ մեծ պատվերները բավարարել, թե՝ ոչ։ Հուսով ենք՝ կստացվի»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ «Buy Armenian» հարթակը ձևավորվել է 44-օրյա պատերազմից հետո, երբ չափազանց դժվար ժամանակներ են եղել հայ տնտեսվարողների համար։ Այդ ժամանակ Լիլիթ և Նշան Օդաբաշիանները ստեղծել են նույնանուն սոցիալական էջը, որը շատ արագ բազմահազարանոց լսարան է հավաքել և մեծ արձագանք ստացել։

Yelaket.am-ի զրուցակիցը նաև ընկերության պատմության մասին է ասել․ ««Անթառամ» թեյերի արտադրությունը հիմնադրել է հայրս՝ Անտոն Գալստյանը, գործունեությունը սկսել է դեռ 1989 թվականից։ Մենք արտադրում ենք մոտ 160 տեսակի դեղաբույսեր, բուսական թեյեր, օրգանական թեյեր, որոնք թե՛ տեղական շուկայում են վաճառվում, թե՛ արտահանում ենք՝ ԵՄ և ԱՄՆ։

Ընդգծեմ, որ այս ամենը մեզ համար սովորելու գործընթաց է։ Նշանը և Լիլիթը որոշել են, որ պետք է այդ գործն անեն և իրենց մոտ ստացվում է, իհարկե, եթե անգամ սխալներ կան, դրանից բոլորս էլ սովորում ենք։ Ու այնպես չէ, որ ամեն ինչը միանգամից շատ հեշտ ստացվում է, շատ ծանր շարունակական աշխատանք է, սխալներով, հիասթափություններով և այլն»։
«Ամանորի սպասումով» տոնավաճառի տաղավարների ամրագրման գործընթացն արդեն սկսել է, և եթե կան տնտեսվարողներ, որոնք ցանկանում են մասնակցել, ապա անհրաժեշտ է զանգահարել 866 207 1466 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Կարդացեք նաև՝









Դիտեք նաև՝

«Ամանորի սպասումով». հայկական արտադրանքի տոնավաճառ ԱՄՆ-ում
Դիտվել է 18470անգամ
Վերջին լուրեր