Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Նոյեմբեր / 2022 : 14-11

«Մենք ուզում ենք եվրոպացու հետ մրցակցել»․ «Միսմա»-ի ու «Buy Armenian»-ի համագործակցության մասին

«Մարդիկ քո փոխարեն չարչարվում են, մտածում են՝ ինչպես համախմբել օտարերկրյա գնորդներին կամ մեր սփյուռքահայ բարեկամներին, այժմ էլ ծրագրում են արդեն վաճառքի հարթակը դարձնել ոչ թե համահայկական, այլ համաշխարհային, ինչին ես էլի հավատում ու վստահում եմ»,- խոսելով «Buy Armenian» հարթակի և «Ամանորի սպասումով» հայկական արտադրանքի տոնավաճառի մասին Yelaket.am-ի հետ զրույցում ասել է ասեղնագործ բարձերի արտադրությամբ զբաղվող «Միսմա» (Misma) ընկերության հիմնադիր Ծովինար Միսկարյանը։

Վերջինս նշել է, որ «Միսմա»-ն առաջիններից մեկն է, որը վստահել և գրանցվել է buyarmenian.com կայքում՝ սկսելով արտահանել իրենց արտադրանքը ԱՄՆ։ Ուշագրավ է, որ մինչև «Buy Armenian»-ի հետ համագործակցությունը ընկերությունն արտահանում դեպի ԱՄՆ չի ունեցել։
Հիշեցնենք, որ Լիլիթ և Նշան Օդաբաշյանները դեռևս 2020թ․-ին որոշել են ստեղծել հայկական արտադրանքի վաճառքի մեկ ընդհանուր հարթակ, որի օգնությամբ Հայաստանում ստեղծված արտադրանքը կվաճառվի Լոս Անջելեսում։ Այսպիսով ստեղծվել է կայքը և այժմ այն մեծ հաջողություններ է գրանցում։
«Ես մտածեցի՝ ինչո՞ւ ոչ, մարդիկ մեր փոխարեն, մեր համար անում են ավելին և մենք որոշեցինք միանալ։ Գիշեր-ցերեկ մարդիկ աշխատում են և դա տեսանելի է․ դու քնած ես, բայց առավոտյան տեսնում ես, որ այնտեղ Լիլիթն ու Նշանը ինչ-որ բան են անում։ Իհարկե, իրենց պետք է ոչ միայն վստահել ու հավատալ, այլև՝ թիկունք կանգնել, որովհետև իրենք էլ մեզանով են կանգուն, այսինքն, եթե այս կողմից էլ ազնիվ, բարեխիղճ, նպատակասլաց գործարարներ հանդես գան, իրենց մեջքը պինդ կլինի։ Այսինքն, ոչ թե միայն գրելով “made in Armenia”, այլ արտադրենք իսկապես հայկական, որակյալ և մրցունակ ապրանք, կարողանանք այն ներկայացնել ու վաճառել։
Այդ հավակնոտ նպատակները, որոնք իրենք և բոլորս միասին դրել ենք՝ վաճառել հայկականը աշխարհով մեկ, ես հավատում եմ, որ կիրականանա»։

«Միսմա»-ի (Misma) հիմնադիր Ծովինար Միսկարյանը խոսել է նաև ընկերության գործունեությա մասին․ «Մեր հիմնական արտադրանքը հայկական ասեղնագործ գորգանախշ բարձերն են և հուշանվերները։ Մենք «Ամանորի սպասումով» տոնավաճառին ներկայացնելու ենք բարձերը, որոնք արդեն ԱՄՆ-ում։ Միայն 80 տաղավար է լինելու, որից 1-ն էլ մերն է։

Մենք ունենք խիստ հայկական արտադրանք, որը հանգիստ ներկայացնում ենք ամբողջ աշխարհին։ Այն շատ մրցունակ է, և միգուցե, հիմա դժվարություններ կան, որովհետև շատ մեծ նպատակներ ենք մեր առջև դրել։ Ես միշտ ասում եմ՝ առաջին հարկը որքան ամուր և մեծ լինի, այնքան վրայի հարկերը կարող են շատ ու շատ լինել, իսկ եթե խուզուկների հեքիաթի նման փոքր տնակ ենք կառուցում, հենց առաջին քամին քանդում է այն։ Մենք ունենք այն արտադրանքը, որը կարող է օվկիանոսից այն կողմ վաճառվել։ Մենք ուզում ենք եվրոպացու հետ մրցակցել՝ վաճառել ապրանք, ուստի այն պետք է լինի շատ որակյալ և մրցունակ, ոչ թե մեզ խղճան, այլ ընտրեն մերը»,- ասել է Ծովինարը։
Ծովինար Միսկարյանը զրույցում անդրադարձել է նաև buyarmenian.com կայքի պարբերական վաճառքի մասին՝ նշելով, որ պատվերներ լինում են, իսկ եթե անգամ չեն լինում, ապա ինքը դա կապում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների և փոփոխությունների հետ։ «Ես այդ դադարին ուրիշ աչքով եմ նայում, դա ժամանակ է, որ ավելին ստեղծենք, էլի աշխատենք, էլի սովորենք, ձեռքբերումներ ունենանք, որովհետև այդ մարդիկ անում են անհնարինը, դրանից ավել երևի թե հնարավոր չէ անել, իսկ ես մտածում եմ, թե մենք ի՞նչ ենք անում, միայն սպասում ենք, որ վաճառեն։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ հնարավոր է և միշտ ձգտում եմ առաջ»։
Հիշեցնենք, որ «Ամանորի սպասումով» տոնավաճառի տաղավարների ամրագրման գործընթացն արդեն սկսել է, և եթե կան տնտեսվարողներ, որոնք ցանկանում են մասնակցել, ապա անհրաժեշտ է զանգահարել 866 207 1466 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։ Կարդացեք նաև՝









Դիտեք նաև՝



«Ամանորի սպասումով». հայկական արտադրանքի տոնավաճառ ԱՄՆ-ում
Դիտվել է 20283անգամ
Վերջին լուրեր